Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում |
Հետաքրքրվող մարդկանց կողմից հաճախակի տրվող հարցերԵթե Աստված սեր է, ինչո՞ւ է թույլ տալիս չարությունը։
ԱՍՏՎԱԾ թույլ է տալիս, որ չարությունը գոյություն ունենա, մինչդեռ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ իրե՛նք են գիտակցաբար չարիք գործում։ Նրանք պատերազմներ են հայտարարում, ռումբեր են նետում երեխաների վրա, ապականում են երկրագունդը, սովերի պատճառ դառնում։ Միլիոնավոր մարդիկ ծխում են և արդյունքում թոքերի քաղցկեղով հիվանդանում, դավաճանում են իրենց կողակիցներին ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ ձեռք բերում, չարաշահում են ոգելից խմիչքներն ու որպես հետևանք լյարդի ցիռոզով տառապում։ Այդպիսի մարդիկ իրականում ցանկանում են, որ վերանա ոչ թե բուն չարիքը, այլ միայն դրա հետևանքները։ Եվ երբ ստիպված են լինում հնձել այն, ինչ ցանել էին, տրտնջում են՝ ինչո՞ւ հենց ես... և մեղադրում են Աստծուն, ինչպես կարդում ենք Առակաց 19։3–ում. «Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ»։ Իսկ եթե Աստված վերջ դներ նրանց չարագործություններին, դարձյալ կգանգատվեին՝ ասելով, թե նա սահմանափակում է իրենց ազատությունը։ Եհովան չարիքը թույլատրում է գլխավորապես Սատանայի բարձրացրած հարցին պատասխան տալու համար։ Բանսարկու Սատանան հայտարարել էր, թե Աստված չի կարող երկիրը բնակեցնել այնպիսի մարդկանցով, որոնք փորձության մեջ ընկնելիս կշարունակեն հավատարիմ մնալ իրեն (Յոբ 1։6–12; 2։1–10)։ Սատանային չվերացնելով և թողնելով, որ նա դեռ գոյություն ունենա՝ Եհովան թույլ տվեց նրան ապացուցել իր խոսքերը (Ելից 9։16)։ Ամեն ջանք գործադրելով իր ասածն ապացուցելու համար՝ Սատանան մինչև օրս դժբախտություններ է բերում մարդկանց՝ Աստծո դեմ նրանց տրամադրելու նպատակով (Յայտնութիւն 12։12)։ Սակայն Հոբը հավատարիմ մնաց։ Իր անարատությունը մինչև վերջ պահեց նաև Հիսուսը։ Մեր օրերում նույն դիրքն են բռնել նաև ճշմարիտ քրիստոնյաները (Յոբ 27։5; 31։16; Մատթէոս 4։1–11; Ա Պետրոս 1։6, 7)։ Սիրով կուզեի հավատալ երկրային դրախտին, որտեղ մարդիկ հավերժ պիտի ապրեն, բայց մի՞թե դա չափից դուրս անհավատալի չէ։Աստվածաշնչի տեսանկյունից լիովին հավատալի է։ Անհավատալի է թվում միայն այն պատճառով, որ մարդկությանը երկար դարեր է, ինչ ծանոթ է չարությունը։ Եհովան ստեղծել էր երկրագունդը և պատվիրել մարդկային առաջին զույգին լցնել այն արդար մարդկանցով, որոնք հոգ պիտի տանեին երկրի բուսական ու կենդանական աշխարհին և ոչ թե այն կործանեին (տե՛ս «Ի՞նչ հավատ են դավանում» և «Բարի լուրը, որ նրանք ցանկանում են հայտնել ձեզ» հոդվածը)։ Իրականում ոչ թե խոստացված Դրախտի իրականանալն է անհավատալի, այլ, ավելի շուտ, ներկա ողբալի իրավիճակն է այնքան անհուսալի, որ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Այն կփոխարինվի Դրախտով։ Ինչպե՞ս կարող եմ պատասխանել նրանց, ովքեր ծաղրանքով են վերաբերվում Աստվածաշնչին՝ պնդելով, թե այն հիմնված է առասպելների վրա ու գիտականորեն ճշգրիտ չէ։Հավատալ Աստվածաշնչի խոստումներին՝ չի նշանակում լինել դյուրահավատ։ «Հաւատքը լսելուցն է»։ Աստծո Խոսքի ուսումնասիրության միջոցով մենք գտնում են նրանում ամփոփված իմաստությունը, և մեր հավատն աճում է (Հռովմայեցիս 10։17; Եբրայեցիս 11։1)։ Պատմության տեսանկյունից Աստվածաշնչի ճշգրիտ լինելը շատ բաներում հաստատում է աստվածաշնչյան հնագիտությունը։ Գիտության տվյալներն ամբողջությամբ համաձայնության մեջ են Աստվածաշնչի հետ։ Ահա որոշ փաստեր, որոնք արձանագրված են եղել Աստվածաշնչում՝ նախքան գիտնականների կողմից դրանց հայտնաբերվելը. երկրագնդի զարգացման փուլերի հաջորդականությունը, երկրի գնդաձև լինելը և դատարկ տարածության մեջ նրա գտնվելը, թռչունների չվելը և այլն (Ծննդոց գլուխ 1; Եսայիա 40։22; Յոբ 26։7; Երեմիա 8։7)։ Բացի այդ, կատարված մարգարեությունները վկայում են այն, որ Աստվածաշունչը գրի է առնվել Աստծո ներշնչմամբ։ Դանիելը մարգարեացել էր աշխարհակալ տերությունների վերելքների ու անկումների մասին, ինչպես նաև Մեսիայի գալու ու մահապատժի ենթարկվելու ստույգ ժամանակի մասին (Դանիէլ, 2–րդ և 8–րդ գլուխներ; 9։24–27)։ Մեր օրերում իրենց կատարումն են ունենում նաև այլ մարգարեություններ, որոնք մատնացույց են անում այն, որ ապրում ենք «վերջին օրերում» (Բ Տիմոթէոս 3։1–5; Մատթէոս 24–րդ գլուխ)։ Այսպիսի կանխատեսումները մարդու կարողությունից վեր են (Եսայիա 41։23)։ Այս մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել «Դիտարան» ընկերության կողմից հրատարակված «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թե՝ Մարդոց» (արևմտ.) և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գրքերում։ Ինչպե՞ս սովորել Աստվածաշնչին վերաբերող հարցերին պատասխանել։Պետք է ուսումնասիրել Աստվածաշունչը, խորհել կարդացածի շուրջ և խնդրել Աստծուն, որ իր սուրբ ոգով ուղղություն ցույց տա (Առակաց 15։28; Ղուկաս 11։9–13)։ «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի,— կարդում ենք Աստվածաշնչում,— թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան» (Յակոբոս 1։5)։ Բացի այդ, կարելի է օգտվել Աստվածաշնչի ուսումնասիրության ձեռնարկներից։ Այս հարցում սովորաբար օգնության կարիք է զգացվում, ինչպես այն եթովպացու պարագայում, որը Փիլիպպոսի օգնությամբ կարողացավ հասկանալ կարդացածը (Գործք 8։26–35)։ Եհովայի վկաները Աստվածաշնչի տնային անվճար ուսումնասիրություններ են անցկացնում հետաքրքրվող անհատների հետ։ Եթե դուք էլ նման ցանկություն ունեք, ազատորեն կարող եք նրանց դիմել։ Ինչո՞ւ են շատերը վատ տրամադրված Եհովայի վկաների հանդեպ և փորձում են ինձ համոզել, որ դադարեցնեմ ուսումնասիրությունս նրանց հետ։Ժամանակին շատերը թշնամությամբ արձագանքեցին Հիսուսի քարոզչությանը, ուստի նա ասաց, որ իր հետևորդներն էլ հակառակության կհանդիպեն։ Երբ ոմանք հիանում էին Հիսուսի ուսուցանելու վարպետությամբ, կրոնական հակառակորդները նրանց «խայթելով» ասում էին. «Մի՞թէ դուք էլ մոլորուեցիք։ Մի՞թէ իշխաններիցն կամ Փարիսեցիներից մէկը հաւատա՞ց նորան» (Յովհաննէս 7։46–48; 15։20)։ Նրանք, ովքեր խորհուրդ են տալիս ձեզ Աստվածաշունչ չուսումնասիրել Եհովայի վկաների հետ, կա՛մ թյուր տեղեկություններ ունեն նրանց մասին կամ էլ՝ վատ նախատրամադրվածություն։ Ուսումնասիրեք Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ և ինքներդ համոզվեք՝ արդյոք ավելի լա՞վ եք ըմբռնում Աստվածաշունչը, թե՝ ոչ (Մատթէոս 7։17–20)։ Ինչո՞ւ են Վկաներն այցելում այն մարդկանց, ովքեր իրենց կրոնն ունեն։Դրանով Վկաները հետևում են Հիսուսի օրինակին։ Հիսուսը քարոզում էր հրեաներին։ Վերջիններս իրենց կրոնն ունեին, սակայն շատ հարցերում այն շեղվել էր Աստծո Խոսքից (Մատթէոս 15։1–9)։ Բոլոր ազգերն էլ ինչ–որ կրոն դավանում են՝ լինի դա այսպես կոչված քրիստոնեական թե ոչ քրիստոնեական։ Շատ կարևոր է, որ հավատը հիմնված լինի Աստծո Խոսքի վրա, ուստի Վկաները, ջանալով այդ հարցում օգնել մարդկանց, սեր են ցուցաբերում իրենց մերձավորի հանդեպ։ Ըստ Եհովայի վկաների՝ միայն իրենց կրո՞նն է ճշմարիտը։Ամեն ոք, ով լրջորեն է վերաբերվում իր կրոնին, պետք է համոզված լինի, որ դա է ճշմարիտը։ Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ դավանել այդ կրոնը։ Քրիստոնյաներին հետևյալ հորդորն է տրվում. «Փորձեցէ՛ք ամէն ինչ, բարին ամո՛ւր պահեցէք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։21, ԷԹ)։ Ամեն մարդ պետք է անձամբ հավաստիանա, որ իր համոզմունքները հիմնված են Սուրբ Գրությունների վրա, քանի որ ճշմարիտ հավատը մեկն է։ Դա են հաստատում Եփեսացիս 4։5–ի խոսքերը. «Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն»։ Հիսուսը չէր պաշտպանում ինչպես իր օրերում, այնպես էլ հիմա լայն տարածում գտած այն կարծիքը, թե գոյություն ունեն բազմաթիվ ճանապարհներ՝ բազմաթիվ կրոններ, և բոլորն էլ տանում են դեպի փրկություն։ Ընդհակառակը, նա ասաց. «Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները»։ Եհովայի վկաները համոզված են, որ գտել են կյանքի առաջնորդող այդ ճանապարհը։ Հակառակ դեպքում՝ նրանք մեկ այլ կրոն կփնտրեին (Մատթէոս 7։14)։ Արդյո՞ք Վկաների կարծիքով միայն իրենք են փրկվելու։Ոչ։ Անցած հարյուրամյակների ընթացքում ապրած միլիոնավոր մարդիկ, որոնք Եհովայի վկաներ չեն եղել, հարության միջոցով կյանքի կվերադառնան։ Նաև ներկայումս ապրողներից շատերը մինչև «մեծ նեղության» սկսվելը կարող են դիրք բռնել ճշմարտության ու արդարության կողմը և փրկության արժանանալ։ Բացի դրանից, Հիսուսը զգուշացրեց, որ չդատենք մեկս մյուսին։ Մենք արտաքինով ենք դատում, իսկ Աստված տեսնում է մարդու սիրտը։ Նա հաշվի է առնում ամեն բան և դատում է ողորմածաբար։ Իսկ դատը նա հանձնել է Հիսուսին և ոչ թե մեզ (Մատթէոս 7։1–5; 24։21; 25։31)։ Ի՞նչ դրամական նվիրատվություններ են սպասվում նրանցից, ովքեր հաճախում են Եհովայի վկաների ժողովի հանդիպումները։Դրամական նվիրատվության վերաբերյալ Պողոս առաքյալն ասաց. «Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը» (Բ Կորնթացիս 9։7, ԷԹ)։ Եհովայի վկաների Թագավորության սրահներում և համաժողովներում երբեք դրամ չի հավաքվում։ Դրա փոխարեն՝ տեղադրված են արկղիկներ, որտեղ յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է գցել իր նվիրատվությունը։ Ոչ ոք չի տեսնում, թե ով ինչ կամ ինչքան է նվիրաբերում։ Ոմանք հնարավորություն ունեն ավելի շատ նվիրաբերելու, իսկ ոմանք էլ գուցե ոչինչ չեն կարող տալ։ Երուսաղեմի տաճարի գանձանակի և դրա մեջ իրենց նվիրատվությունները գցող մարդկանց մասին խոսելիս Հիսուսը բացատրեց, թե որն է ճիշտ տեսակետը. կարևորը ոչ թե այն է, թե մարդ որքան է նվիրաբերում, այլ նրա տալու կարողությունն ու այն ոգին, որով նա նվիրաբերում է (Ղուկաս 21։1–4)։ Եթե Եհովայի վկա դառնամ, ե՞ս էլ պիտի քարոզեմ։Երբ անհատը Քրիստոսի Թագավորության ներքո խոստացված երկրային դրախտի վերաբերյալ բավարար գիտելիքներ է ձեռք բերում, նրա մեջ ցանկություն է առաջանում այդ մասին ուրիշներին էլ պատմելու։ Դուք նույնպես այդ ցանկությունը կունենանք. չէ՞ որ դա բարի՛ լուր է (Գործք 5։41, 42)։ Այդպես վարվելով՝ դուք ցույց կտաք, որ Հիսուս Քրիստոսի աշակերտն եք։ Աստվածաշնչում Հիսուսը կոչված է «հաւատարիմ եւ ճշմարիտ Վկա»։ Երկրի վրա ապրած ժամանակ նա քարոզում էր, որ «մօտեցել է երկնքի թագաւորութիւնը», և իր աշակերտներին ուղարկեց նույնը անելու (Յայտնութիւն 3։14; Մատթէոս 4։17; 10։7)։ Ավելի ուշ նա իր հետևորդներին պատվիրեց. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք.... նորանց սովորեցնելով»։ Հիսուսը նաև կանխագուշակեց, որ մինչև վախճանը «արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար» (Մատթէոս 24։14; 28։19, 20)։ Այս ավետիսը մարդկանց հայտնելու տարբեր միջոցներ կան։ Հաճախ այդ մասին խոսք բացելու առիթ է ստեղծվում բարեկամների կամ ծանոթների հետ զրուցելիս։ Ոմանք քարոզում են նամակով, հեռախոսով, մյուսները փոստով գրականություն են ուղարկում իրենց ծանոթներին՝ ընտրելով այնպիսի թեմաներ, որոնք, ըստ իրենց, կհետաքրքրեն այդ անձնավորությանը։ Եվ քանի որ Վկաներն ուզում են, որ այդ բարի լուրը լսեն անխտիր բոլորը, նրանք այցելում են մարդկանց տնից տուն։ Ահա ինչպիսի ջերմ հրավեր է մեզ ուղղում Աստվածաշունչը. «Հոգին եւ հարսն ասում են. Եկ. եւ լսողն ասէ, Եկ. եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ թող առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտնութիւն 22։17)։ Գալիք երկրային դրախտի ու Աստծո օրհնությունների մասին պետք է պատմել հոժար սրտով՝ բարի լուրը ուրիշներին էլ հաղորդելու բուռն ցանկությամբ լի։ Անշուշտ, Եհովայի վկաների ու նրանց հավատի վերաբերյալ ուրիշ հարցեր ունեք, որոնց մի մասը գուցե նույնիսկ վիճաբանական բնույթի լինեն։ Սիրով կպատասխանենք այդ հարցերին։ Բայց քանի որ այս գրքույկում հնարավոր չէ բոլոր հարցերին պատասխանել, առաջարկում ենք ձեզ օգնության համար դիմել ձեր տեղանքում ապրող Վկաներին։ Կարող եք այցելել Թագավորության սրահներում անցկացվող նրանց հանդիպումներին կամ էլ զրուցել նրանց հետ, երբ այցելեն ձեզ։ Բացի այդ, ձեր հարցերը կարող եք ուղարկել «Դիտարան» ընկերության մասնաճյուղերից որևէ մեկը՝ ձեզ հարմար հասցեով։ |
Հրատարակվել է 2002 թ.–ին |
|
Copyright © 2006 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. All rights reserved. |
|