Ինչի՞ մասին։ Մի շարք կարևոր հարցերի, որոնք հաճախ են հուզել մարդկանց, թերևս նաև ձեզ։ Ահա դրանցից մի քանիսը։
Իսկ որտե՞ղ կարող ենք գտնել այս հարցերի պատասխանները։ Ինչ խոսք, այս թեմաներին նվիրված բազմաթիվ գրքեր կան գրադարաններում և գրախանութներում։ Բայց դրանք հաճախ հակասում են մեկը մյուսին։ Երբեմն էլ այդ գրքերում գրված տեղեկությունները ժամանակի ընթացքում հնանում են, և հարկ է լինում դրանք վերանայել կամ փոխել։
Սակայն կա մի գիրք, որն իսկապես հիմնավոր պատասխաններ է տալիս։ Դա այն գիրքն է, որը միշտ ճշմարտությունն է հայտնում։ «Քո խոսքը ճշմարտություն է»,— Աստծուն աղոթելիս մի անգամ ասաց Հիսուս Քրիստոսը (Հովհաննես 17։17)։ Այդ խոսքը Աստվածաշունչն է։ Տեսնենք, թե ինչպես է այն պատասխանում վերոհիշյալ հարցերին։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Մենք ապրում ենք դաժան ու անարդար աշխարհում։ Շատ կրոններ սովորեցնում են, թե Աստծու կամքն է, որ մենք տառապենք։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Մեր երկնային Հայրը երբեք տառապանք չի պատճառում։ «Քավ լիցի որ Աստված չարություն անի եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն»,— ասվում է Յոբ 34։10–ում։ Արարիչը մի հիանալի նպատակ ունի մարդկության նկատմամբ։ Հենց այդ նպատակը ի մտի ունենալով՝ Հիսուսը սովորեցրեց աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող.... գա՛ քո թագավորությունը։ Թող կատարվի՛ քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6։9, 10)։ Աստված այնքան է սիրում մեզ, որ մեծ զոհողությունների է գնացել իր այս նպատակն իրագործելու համար (Հովհաննես 3։16)։
Տե՛ս նաև Ծննդոց 1։26–28; Հակոբոս 1։13; 1 Պետրոս 5։6, 7։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Պատերազմը անհամար կյանքեր է խլում։ Մարդիկ անասելի տառապանքներ են կրում։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Աստված խոստացել է, որ մոտ ապագայում երկրի վրա խաղաղություն կհաստատի։ Նրա Թագավորության՝ երկնային կառավարության ներքո մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել և «կձուլեն իրենց սրերը խոփերի» (Եսայիա 2։4)։ Աստված վերջ կդնի տառապանքին ու անարդարությանը։ Նրա Խոսքում ասվում է. «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները [այդ թվում անարդարությունն ու տառապանքը, որ կան այսօր] անցան» (Հայտնություն 21։3, 4)։
Տե՛ս նաև Սաղմոս 37։10, 11; 46։9; Միքիա 4։1–4։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Աշխարհի կրոնների մեծ մասը սովորեցնում է, թե մարդու մեջ ինչ–որ հոգի կա, որը շարունակում է ապրել նրա մահից հետո։ Ոմանք կարծում են, թե մահացածները կարող են վնաս հասցնել ապրողներին։ Ոմանք էլ հավատում են, թե Աստված չարերին հավիտյան տանջում է դժոխքում։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Մահանալով՝ մարդը դադարում է գոյություն ունենալուց։ «Մեռելները ոչ մի բան չգիտեն»,— ասվում է Ժողովող 9։5–ում։ Քանի որ նրանք գիտակցություն և զգացումներ չունեն, չեն կարող վնաս հասցնել (կամ օգնել) ապրողներին (Սաղմոս 146։3, 4)։
Տե՛ս նաև Ծննդոց 3։19; Ժողովող 9։6, 10։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Մենք ուզում ենք ապրել։ Նաև ցանկանում ենք, որ մեր կողքին միշտ լինեն նրանք, ում սիրում ենք։ Ուստի, բնականաբար, փափագում ենք իմանալ, թե կտեսնենք արդյոք մեր մահացած հարազատներին։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Մահացած մարդկանց մեծ մասը հարություն է առնելու։ Հիսուսը խոստացել է, որ «նրանք, ովքեր գերեզմաններում են գտնվում,.... դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29)։ Մահացածները հիմնականում հարություն են առնելու երկրի վրա ապրելու հեռանկարով։ Չէ՞ որ Աստծու սկզբնական նպատակն էր, որ մարդիկ բնակվեին երկրային դրախտում (Ղուկաս 23։43)։ Հնազանդ մարդիկ կատարյալ առողջություն են ունենալու և հավիտենական կյանք են վայելելու։ Աստվածաշունչն ասում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։
Տե՛ս նաև Յոբ 14։14, 15; Ղուկաս 7։11–17; Գործեր 24։15։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Գրեթե բոլոր կրոններին պատկանող մարդիկ աղոթում են։ Այնուամենայնիվ, շատերն այնպիսի զգացում ունեն, որ իրենց աղոթքներն անպատասխան են մնում։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Հիսուսը սովորեցրել է անգիր արած աղոթքներ չանել։ Նա ասել է. «Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7)։ Եթե ուզում ենք, որ Աստված մեզ լսի, ապա պետք է աղոթենք այնպես, ինչպես նա է պատվիրել։ Ուստի հարկավոր է նախ իմանալ, թե որն է նրա կամքը, և ապա համապատասխանաբար աղոթել։ 1 Հովհաննես 5։14–ում ասվում է. «Ի՛նչ էլ որ խնդրում ենք [Աստծու] կամքի համաձայն, լսում է մեզ»։
Տե՛ս նաև Սաղմոս 65։2; Հովհաննես 14։6, 14; 1 Հովհաննես 3։22։
ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅՍ ՀԱՐՑԸ ԾԱԳՈՒՄ։ Շատերն այն կարծիքին են, թե երջանիկ կարող են լինել միայն նրանք, ովքեր հարուստ են, գեղեցիկ են կամ մեծ ճանաչում են վայելում։ Հետևաբար նրանք ձգտում են հասնել այդ ամենին։ Սակայն արդյունքում այդպես էլ երջանկություն չեն գտնում։
Ի՞ՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները»,— ասաց Հիսուսը (Մատթեոս 5։3)։ Մենք իսկական երջանկության կհասնենք միայն այն դեպքում, եթե բավարարենք մեր ամենամեծ կարիքը՝ սովորենք ճշմարտությունը Աստծու և նրա նպատակների մասին։ Իսկ դրա համար հարկավոր է ուսումնասիրել Աստվածաշունչը։ Այդպես կկարողանանք կողմնորոշվել, թե ինչին պետք է կարևորություն տանք կյանքում։ Եթե որոշումներ կայացնելիս առաջնորդվենք Աստծու Խոսքով, մեր կյանքը իմաստալից կդառնա (Ղուկաս 11։28)։
Տե՛ս նաև Առակաց 3։5, 6, 3։13–18; 1 Տիմոթեոս 6։9, 10։
Այս թերթիկում շատ համառոտ ներկայացվեց, թե ինչ է ասում Աստվածաշունչը վերոհիշյալ վեց հարցերի վերաբերյալ։ Ցանկանո՞ւմ եք ավելի շատ տեղեկություն ստանալ։ Եթե «գիտակցում եք ձեր հոգևոր կարիքները», անկասկած, կցանկանաք (Մատթեոս 5։3)։ Գուցե ձեզ հետաքրքրեն նաև այլ հարցեր։ Օրինակ՝ ինչո՞ւ է Աստված այսքան երկար հանդուրժում չարությունն ու տառապանքը։ Կամ՝ ինչպե՞ս լուծել ընտանեկան խնդիրները։ Այս և շատ ուրիշ հարցերի սպառիչ պատասխանները կարող եք գտնել Աստվածաշնչում։
Այնուհանդերձ, այսօր մարդիկ վարանում են դիմել Աստծու Խոսքին։ Ինչո՞ւ։ Նրանք այդ գիրքը անհասկանալի են համարում։ Սակայն Եհովայի վկաները կարող են օգնել ձեզ։ Նրանք դա անում են երկու ձևով։
Նախ՝ առաջարկում են «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, որի նպատակն է օգնել զբաղված մարդկանց գտնելու իրենց հուզող հարցերի սուրբգրային պատասխանները։ Երկրորդ՝ նրանք Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն են անցկացնում։ Ձեր հարևանությամբ ապրող որևէ Եհովայի վկա կարող է ձեզ հետ ամեն շաբաթ սուրբգրային կարճ քննարկումներ անցկացնել ձեր տանը կամ մեկ այլ հարմար վայրում։ Այս կրթական ծրագրից օգուտ են քաղում միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։ Նրանցից շատերը գալիս են այն եզրակացության, որ գտել են ճշմարտությունը։
Ի՜նչ արժեքավոր ձեռքբերում։ Աստվածաշնչյան ճշմարտությունը ազատում է սնահավատությունից և վախից։ Օգնում է չընկնել մոլորության մեջ, հույս է ներշնչում, իմաստավորում է մեր կյանքը և ուրախություն է պարգևում։ Ի զուր չէ, որ Հիսուսն ասաց. «Ճշմարտությունը կիմանաք, ու ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։
Հրատարակվել է 2008 թ. |